Փրկել «շարքային ԺՊ-ին»
19.05.2020 | 01:26
Արդեն բոլորին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ). հրդեհվել-ոչնչացվել է թվայնացված արխիվը` հազարավոր ընթերցողների Հայաստանում, Սփյուռքում և օտար հայագետների զրկելով առցանց կարդալ-աշխատելու հնարավորությունից:
Ամեն պատմություն ունի ֆաբուլա և սյուժե: Առաջինը իրադարձության փաստական կողմն է, սյուժեն` դրա ինքնակամ ստեղծագործական շարադրանքը, և ես չէի անդրադառնա հրդեհի թեմային, եթե ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը (այսուհետ նրան կանվանեմ «շարքային ԺՊ») և նրա գործակիցները ջանք ու ճիգ չթափեին ֆաբուլան զեղծելով սյուժե հորինելու համար:
Ամսույս 8-ին ես տանը նստած օգտվում էի ՀԱԳ մամլո թվայնացված արխիվից` ուսումնասիրում էի Վիեննայի «Հանդէս Ամսօրեայ» ամսագրի 1900 թ. համարները: Հոգնեցուցիչ աշխատանք էր, բայց լավ էր` ԱԺ-ում տեղի ունեցավ «թավշյա, ոչ-բռնի» ծեծկռտուքը, որը վայելելուց հետո անցա իմ բանին: 1901 թ. համարները հերթով կարդացի, թ. 10-11 միացյալ համարը ներբեռնեցի, փորձեցի թ. 12-ին անցնել, բայց շտեմարանն արդեն անհասանելի էր: Ինչու՞ եմ սա նշում: Տարրական բան պիտի ասեմ. երբ դուք որևէ բան եք ներբեռնում, համակարգիչը ինքնաբերաբար գրանցում է ներբեռնումի ժամանակը: Իմ այդ նիշքը գրանցված է ժ. 16-ն անց 41 ր. (կարող եմ ցանկացածի տրամադրել որպես ապացույց): Այսինքն, շտեմարանը, իմա` թվայնացված արխիվը, այդ ժամից հետո կամ ավելի վաղ գտնվել է ոչնչացման փուլում:
Ամսույս 9-ին արխիվը կրկին անհասանելի էր: Մայիսի 10-ին, երբ նույն վիճակը տեսա, զանգահարեցի տարբեր մարդկանց և պարզեցի, որ արխիվը… այրվել է: Դա այնպիսի արտառոց, ցնցող բան էր, որ չհավատացի, որոշեցի սպասել պաշտոնական բացատրության: Ո՛չ մի ձայն-ծպտուն: Ստիպված եղա մայիսի 11-ի կեսօրին ֆեյսբուքով ահազանգել` որևէ մեկը տեղյա՞կ է ինչ է պատահել, ինչու՞ է կայքը անհասանելի:
Գրառմանս անմիջապես արձագանքեց ՀԱԳ-ի մի տիկին, թե Խաչատուր ջան՛, տեղյակ ենք, մայիսի 9-ին արդեն գրել ենք, որ տեխնիկական պատճառներով կայքը խափանվել է, և ուղարկեց իրենց հաղորդագրության հղումը: Հիմա այդ հաղորդագրությունը չեք կարող գտնել, իրենք ֆեյսբուքյան իրենց էջից դա ջնջել են: Ինչու՞, հետո պարզվեց` արդեն սկսել էին «շարքային ԺՊ-ին» փրկելու գործողությունը:
Տիկինը նաև «ձեռի հետ» ինձ հորդորեց ցուցաբերել համբերատարություն ու սրտացավություն: Իմ սրտացավության մասին նա գաղափար անգամ չուներ, սրտացավությանս համար ես պարգևատրվել եմ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով ու պատվոգրով, և հենց սրտացավություն չէ՞ր ահազանգելուս շարժառիթը: Եվ ի՞նչ համբերատարության մասին կարող էր խոսք լինել, երբ համաճարակի պայմաններում ինձ զրկել էին աշխատելու հնարավորությունից, խորամանկորեն հրամցնում էին «տեխնիկական պատճառներ», այնինչ գիտեի իրական պատճառը, բայց կարանտինով պայմանավորված` գրադարանը փակ էր և չէի կարող անձամբ այցելել ու ստուգել եղելությունը:
Չորս օր շարունակ ֆեյսբուքում շարունակեցի ահազանգել: Ի վերջո, դա հետաքրքրեց լրագրողներին, ՛՛ռումբը՛՛ պայթեց, իրականությունը ջրի երես դուրս եկավ, և ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը փաստեց. «Ծանր բան է կատարվել»: Մեղմ էր ասված, դա հրեշավոր աղետ էր:
Սակայն «շարքային ԺՊ-ն» հեշտ հանձնվող չէր, փոխանակ բարոյական մարդուն վայել իսկույն աշխատանքից ազատման դիմում գրեր, անցավ հակահարձակման, առաջնորդվելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով:
Ինչու՞ եմ ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին անվանում «շարքային ԺՊ»: Օսկարակիր Սթիվեն Սփիլբերգը մի ֆիլմ ունի` «Փրկել շարքային Ռայանին», բայց եթե այդ կինոնկարը շոշափում է մարդկային վեհ գաղափարներ, ապա մերօրյա «շարքայինը» հետապնդում է միայն մեկ նեղանձնական նպատակ` խուսափել պատասխանատվությունից:
Այդ «վեհ» նպատակին հասնելու համար նա մայիսի 15-ին հրավիրում է մամլո ասուլիս: Նայեցի: Կոմայի մեջ գտնվողի կամ Զատկի կղզու քարակոփ կուռքի նման, պարզ նախադասություններով կեղծիքների մի ամբողջ տարափ տեղաց: Իբր, հրդեհվելու փաստը հայտնաբերվել է մայիսի 10-ին, բայց մենք հաստատապես գիտենք, որ դեպքը տեղի է ունեցել ամսույս 8-ին, այնինչ ինքը հարկ չի համարել աշխատավայր գալ: Կամ, ըստ իրենց ջնջված հաղորդագրության, մայիսի 9-ին, բայց կրկին չի բարեհաճել գրադարան գալ:
Հայտարարեց, թե դիմել են ԱԻ նախարարություն, բայց դեռ չեն եկել ու եզրակացություն չկա: Ինչու՞ ԱԻՆ և ոչ` ոստիկանություն, որի շուրջօրյա հսկողության տակ է գրադարանը. որովհետև ոստիկանությունը առերևույթ հանցագործության փաստով պարտավոր կլիներ հետաքննություն սկսել:
Ավետեց, թե դիմել են ՀԷՑ պարզելու` եղե՞լ են, արդյոք, հոսանքի տատանումներ, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Լավ, եթե չուներ երկու կարևոր, առանցքային գերատեսչությունների եզրակացությունը, հապա ինչու՞ էր մամուլի ասուլիս հրավիրել: Որպեսզի ԶԼՄ-ների միջոցով սփռի` ոչ մի նյութ չի ոչնչացվել, դրանք պահպանվել են առանձին կրիչների վրա, բացի այդ, ըստ «արտաքին զննման», հնարավոր է վերականգնել անգամ այրված սերվերները: Այսինքն, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, իբր` առանձնապես լուրջ բան տեղի չի ունեցել:
Ո՞ր խելամիտ մարդը կհավատա այս ակներև ծածկադմփոցին ու բարբաջանքներին:
Այդ ասուլիսից մի քանի ժամ անց 1in.am կայքի հեռուստատեսային տաղավարում հարցազրույց տվեց ՀԱԳ նախկին տնօրեն, ԳԱԱ հիմնարար գրադարանի գիտական ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը, մարդ, որը 24 տարի առաջ Հայաստանում նախաձեռնել է գրադարանների թվայնացման գործը: Այդ բարձրակարգ մասնագետի ամբողջ խոսքը հագեցած էր մտահոգությամբ, սրտացավությամբ և իրավիճակը շտկելու խոհով: Հանդիպել էր ԳԱԱ ինֆորմացիայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենին ու փոխտնօրենին, ներկայացրել տեղի ունեցածը և օգնություն խնդրել: Իսկ ինչո՞վ էր զբաղվել մեր «շարքային ԺՊ»-ն: Ոչ միայն չէր այցելել այդ պրոֆեսիոնալներին, այլև հարկ չէր համարել խորհուրդ հարցնել Տ. Զարգարյանից: Ի դեպ, նման պահվածքը իրավաբանության մեջ կոչվում է հանցավոր ինքնավստահություն:
Այսինքն, ի՞նչ եմ զարմանում: Երբ լրագրողը հարցրեց, թե գրքերի թվայնացումը մինչև ո՞ր ժամանակահատվածն է ընդգրկում, և «շարքային ԺՊ»-ն պատասխանեց, թե` մինչև 20-րդ դարի սկիզբ, ես հասկացա, որ այդ մարդը ոչ միայն գեթ մեկ անգամ մուտք չի գործել «Հայ գիրք» շտեմարան, այլև պարզապես գիրք չի սիրում: Գիրք չսիրող գրադարանի տնօրեն… Ճիշտ է`ժամանակավոր:
Իշխանության կադրային քաղաքականությունն այնքան է քննադատվել, որ, թվում է, հավելելու բան չի մնացել: Բայց «շարքային ԺՊ»-ի օրինակն այնքան արտառոց է, որ չանդրադառնալ չեմ կարող:
Ո՞վ է նա: Ասում են` արձակագիր է, բայց, համոթ կամ գուցե ի պատիվ ինձ, ես նրանից ոչ մի տող չեմ կարդացել: Ասում են` բանասիրական գիտությունների թեկնածու է, բայց ինչ թեմայով է թեզ պաշտպանել և աստիճան ստացել, չգիտեմ: Գիտեմ մեկ բան` Ազգային գրադարանին նախ և առաջ կառավարիչ, վարչարար է պետք:
2018 թ. օգոստոսին, երբ արդեն կազմավորվել էր կառավարությունը, նշանակվում է ՀԱԳ գրականության հանրահռչակման 3-հոգանոց (ինքն էլ հետը) բաժնի վարիչ: 2019 թ, փետրվարի 26-ին Տ. Զարգարյանին, թոշակային տարիքի հասնելու պատճառով, սուսուփուս ճամփում են և հաջորդ օրն իսկ 300-հոգանոց կոլեկտիվի ղեկավար նշանակում մեր «Ռայանին»` շնորհելով ժամանակավոր պաշտոնակատարի տիտղոսը: Վերադասը` ԿԳՄՍ նախարարությունը, երկու անգամ 6-ամսյա ժամկետով երկարացնում է «շարքային ԺՊ»-ի պաշտոնավարումը: 2020 թ. մարտին նախարարությունը, օրենսդրության համաձայն, անցկացնում է մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնի համար: Մասնակցում են 5 հոգի, այդ թվում և` «շարքային ԺՊ»-ն: Հանձնաժողովը հաղթող չի ճանաչում ոչ ոքի, այդ թվում և` «շարքային ԺՊ»-ին: Պատկերացնու՞մ եք ինչ է դա նշանակում: Մարդն ավելի քան մեկուկես տարի աշխատել է ՀԱԳ-ում, որից մեկ տարին` ղեկավարել, բայց այնքան ապաշնորհ է եղել, որ ոչինչ չի սովորել ու մերժվել է իրեն իսկ նշանակած վերադասից:
Բա լավ, ինչո՞վ է զբաղվել, որ ձեռք չի բերել գրադարանային գործի տարրական գիտելիքներ: Նախ, իրականացրել է «հեղափոխություն»` աշխատանքից ազատելով «հներին» և բերելով յուրային «նորերին»: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե գրադարանավարի «հինը» որն է (թե կուզեք իմանալ, այո՛, գրադարանավարի հինն է լավը): Ես 50 տարի այդ գրադարանի ընթերցող եմ և գիտեմ, որ դա հիմնականում հոգսախեղդված կանանցից բաղկացած բարդ կոլեկտիվ է: Նրանցից շատերը «հեղափոխության» ժամանակ գործադուլ էին անում, մասնակցում երթերի ու հանրահավաքների, իսկ այսօր ահուդողը սրտներում, սսկվել են, հանկարծ աղան չբարկանա, չազատվեն ու զրկվեն իրենց չնչին, ամոթալի աշխատավարձից:
Երկրորդ` «շարքային ԺՊ»-ն ինքնասիրահարվածության, մեծամտության անթաքույց բարդույթ ունի: Ապացույցը` ՀԱԳ-ի կողմից պարբերաբար հրապարակվող ամենաընթերցված գրքերի ՛՛թեժ՛՛ տասնյակում նրա գիրքն է:
Հիմա մի քանի հարց ԿԳՄՍ նախարարությանը: Եթե մարդը չի հաղթել մրցույթում, ինչու՞ եք թողել, որ շարունակի պաշտոնավարումը: Արդյունքը տեսա՞ք` հազարավոր դոլարների նյութական կորուստ, բազմաթիվ գրադարանավարների ջուրն ընկած աշխատանք և անհաշվելի բարոյական վնաս:
Ինչու՞ եք թողել, որ «շարքային ԺՊ»-ն ենթակա լինի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի, որն այսպես է ձևակերպված.
«Հոդված 315.Պաշտոնեական անփութությունը
1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Թե՞ ուզում եք, որ նա տիրանա նաև Հերոստրատի «փառքին»:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ